Տեղեկություներ Հրազդանի կիրճի մասին

Քայլարշավ

Երեւանի պատմության թանգարանում պահպանվում է Հայաստանի տարածքում հայտնաբերված մարդաբանական գտածոների վերջին ձեռքբերումը` 70 հազար տարեկան գանգ, որի հիման վրա հնագետ-մարդաբանները փորձ են արել վերականգնել մեր նախնու դիմագծերը: Մի քիչ կոպիտ ուրվագծերով տիպիկ հայկական դեմք է` այսպես կոչված չքաղաքակրթված-քարանձավաբնակ հայ: Թե որքան է ճշմարտությանը մոտ եղել վերականգնողների երեւակայության թռիչքը, չգիտեմ, բայց փաստը սա է. այս նկարից 70 հազար տարվա հեռվից մեզ է նայում Հայկական լեռնաշխարհի բնակիչը: Գանգը գտնվել է Հրազդանի կիրճի պալեոլիթյան քարանձավից:

Ի՞նչ գիտենք Հրազդանի կիրճի մասին

Հրազդանի կիրճը տարբեր հազարամյակներ ու դարեր թվագրվող իր բազմաթիվ պատմական-մշակութային հուշարձաններով մեր անցյալի վկայությունն է եւ ներկայի տարեգիրը: Հրազդանի կիրճին նետված հայացքը հազարամյակների միջով ետ նայելու պատուհան է, ապագային ուղղված մարտահրավեր: Եթե երբեւէ իրականանա երեւանցու երազանքը, եւ Հրազդանի կիրճը դառնա իսկական հանգստյան գոտի` մատչելի բոլորին, ապա գլխավոր մագնիսը կդառնան անթիվ հնավայրերը` ցրված կիրճի` գետին հարող ափամերձ եւ հարակից տարածքներում: 

Ի՞նչ գիտենք դրանց մասին: Քիչ բան: Հարցրեք ցանկացած երեւանցու, թե ի՞նչ հետաքրքիր, տեսարժան վայր գիտե Հրազդանի կիրճում, կասի` մանկական երկաթուղին, մի քանի նորակառույց ռեստորանի անուն կտա, կնշի Ծիծեռնակաբերդի (Հրազդանի) եւ «Հաղթանակի» կամուրջները: Մի քիչ ավելի եկեղեցասերը կասի սուրբ Սարգիս եկեղեցու, արվեստասերը` Փարաջանովի թանգարանի մասին, գուցե հիշեն Վահան անունով այն քանդակագործին, ով հենց կիրճում, ժայռերի վրա դեմքեր էր քանդակում: Իսկ գեներալ Պասկեւիչի ու Երեւանի բերդի մասին հազիվ թե հիշեն` բերդը չի պահպանվել-չգիտեն: «ՙՀրազդան» մարզադաշտը ցույց կտան որպես մեր ժամանակի խորհրդանիշ եւ ճիշտ էլ կանեն, որովհետեւ հենց այդպես էլ կա` յուրաքանչյուր ժամանակ իր կառույց-խորհրդանիշներն ունի: Գուցե ձեռքը մեկնեն կիրճի բարձունքները դեպի` Դեմիրճյանի անվան համալիրը եւ եղեռնի հիշատակի բարձր աշտարակը: Այսքանը: Թեեւ` այսքանն էլ շատ-շատ է կիրճի երեւանամերձ փոքրիկ հատվածի համար, բայց ախր այդ բոլորն… ընդհամենը կաթիլ է ծովում, քանզի Հրազդանի կիրճն անցյալի ու ներկայի մի ամփոփ հանրագիտարան է, որ կարդալ իմացողին հազարամյա գաղտնիքներ կպարզի, անհավանականն ակնհայտ կդարձնի եւ սովորական հային կօժտի հազարամյակների հիշողությամբ:

Որտեղի՞ց այդպիսի անուն

Հրազդա¯ն, գետակդ իմ հայրենի

Հրազդա¯ն, ջրիկդ իմ անուշիկ…

Այս տողերը գրող Ալիշանի ենթադրությամբ` Հրազդան անունը պետք է որ ծագած լինի Հուրաստան բառից եւ նշանակի Հրո գետ, Կրակե գետ: Բայց, հավանաբար, Հուրաստանը իրանական հիմնաշերտի ավելի ուշ ազդեցությամբ ձեւավորված անուն է (ինչպես` Հայաստանը), գետի անվան երկրորդ շերտն է պարզապես, ենթադրում էին հնագետները, որովհետեւ Վանի թագավորության արձանագրություններում այս գետի անունը Իլդարունի կամ Իլդարունյան ձեւով է հիշատակվում. Հրազդանը Իլդարունյան ձեւի մի հնչյունափոխված տեսակն է հավանաբար, որ հասել է մեզ: Զվարթնոցի ավերակներում գտնված 47 տող սեպագիր արձանագրության մեջ հիշված (14 տող) Իլդարունի գետը եւս ամենայն հավանականությամբ Հրազդանն է, որ ըստ նկարագրության հոսել է` քերելով Կարմիր բերդի եւ Ծիծեռնակաբերդի ստորոտները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով