Ըստ հունական ավանդության ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում, թագավոր Եվմենես II-ի (մ․թ․ա․ 197—159) օրոք։ Քաղաքի անունով կոչվել է պերգամենտ։ Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն, գրվում էր երկու երեսին և իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը։ Հայերը գործածել են «մագաղաթ» անվանումով։
Մագաղաթի համար օգտագործվել է մանր և խոշոր եղջերավոր մատղաշ անասունների մորթին։ Ունեցել է մշակման տարբեր եղանակներ, որոնց դեղատոմսերը պահպանվել են հայերեն բազմաթիվ ձեռագրերում։ Հայերը մինչև 8-9-րդ դարերում օգտագործել են մագաղաթ, այնուհետ նաև թուղթ, որը գնալով տիրապետող է դարձել։